Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Եթե ուզում ես գեղեցիկ լինել

Եթե ուզում ես գեղեցիկ լինել

«Փոխվել են չափանիշները, մարդիկ ավելի քմահաճ են դարձել իրենց արտաքինի նկատմամբ, եւ գեղեցիկ լինելու ցանկությունն արդեն ավելի համարձակ քայլերի է մղում։ Հետաքրքիրն այն է, որ ամբողջ աշխարհում ավելի մեծ թվով երիտասարդ մարդիկ են ուզում իրենց արտաքինն ավելի հղկել, քան միջին տարիք ունեցողները եւ տարեցները։ Ինչպես ամենուր, այնպես էլ մեզ մոտ՝ Ֆրանսիայում, բժիշկներին առավելապես դիմում են դիմագծերի շտկման, քթի վիրահատության եւ ավելորդ ճարպերից ազատվելու խնդրանքով»,–պատմում է ֆրանսիացի հայտնի միկրովիրաբույժ Պիեռ Ֆուրնիեն։

 

Երեկ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության «Գլոբալ համագործակցություն» խորագրով միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 110 բժիշկներ, աշխարհի 114 երկրներից՝ ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից, Միջին Ասիայից եւ այլն։ «Գեղեցիկ եւ հմայիչ երեւալու ցանկությունը բնորոշ է ցանկացած մարդու, ինչին էլ ծառայում է միկրովիրաբուժությունը։ Այս համաժողովին իրենց դասախոսություններով հանդես կգան աշխարհում հայտնի այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ջուլիա Թերզիսը (ԱՄՆ), Վոլֆգանգ Գութիշը (Գերմանիա), Ալեքսեյ Բորովիկովը (Ռուսաստան), Ռուբեն Օդենիոն (Իտալիա), Կուրտ Վինսենզը (Ավստրիա), Հուսսեին Աբուլհասսանը (Եգիպտոս)։

 

Ընդհանուր առմամբ կկարդացվեն ինը դասախոսություններ՝ 61 երկրների հանրահայտ մասնագետների կողմից, երեք օրերի ընթացքում, հանգամանք, որ շատ ուսանելի կլինի ոլորտում զբաղված բոլոր մասնագետների համար»,–ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը։ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Նարիմանովի խոսքերով. «Այս տարին հոբելյանական է բժշկական ինստիտուտի համար, եւ նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են ինստիտուտի գիտահետազոտական մտքի ու շարունակական բժշկության պրոցեսի զարգացմանը։ Յուրաքանչյուր բժիշկ գիտի, որ ցանկացած գիտելիք սնանկ է առանց պրակտիկայի, իսկ պրակտիկան երբեք վերջ չունի եւ շարունակ նոր նվաճումների կարիքն ունի…»։

 

Եռօրյա կոնգրեսի շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ վերականգնողական էսթետիկ վիրաբուժության, դերմատոկոսմետոլոգիայի շրջանակներում նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ։ Կքննարկվեն վնասվածքների, հետայրվածքային վիճակների, բնածին արատների, ինչպես նաեւ տարիքային ինվոլյուցիոն փոփոխությունների վիրահատական եւ ոչ վիրահատական շտկմանը վերաբերող հարցեր։ Հայաստանում ընդունված պլաստիկ վիրահատական միջամտություններին անդրադարձավ «Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժնի վարիչ, Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը. «Մեզ շատ են դիմում քթի վիրահատության համար, ինչպես ընդունված է ասել՝ «հայկական քթի շտկման»։ Երկրորդ տեղում է լիպոսակցիան (ճարպազատումը), հետո՝ ինպլանտացիան (կրծքագեղձերի մեծացում կամ՝ փոքրացում, բարձրացում)։ Իհարկե, պետք է նկատել, որ մտածելակերպի առումով դեռեւս արգելքներ ունենք հաղթահարելու, բայց շատերն արդեն առանց ավելորդ բարդույթների գալիս են եւ դիմում մեզ իրենց արտաքինին վերաբերող զանազան խնդրանքներով։ Մեզ են դիմում հիմնականում երիտասարդ կամ ավելի մեծ տարիքի մարդիկ (կանայք՝ կլիմաքսային շրջանում), իսկ միջին տարիքը կարծես թե այնքան էլ չի հետաքրքրվում պլաստիկ վիրաբուժությամբ»։

 

Հեղինակ. Գոհար ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ